«Հայ Կին»․ Հայկանուշ Մառքը և նրա միակ զավակը

Կիսվել:

«․․․Ինչպէ՞ս գգուեմ զքեզ սէրովս բոլոր,

Որ նախանձին սիւքերը, ծիլերն ալ ոլոր ,

Ինչպէ՞ս կազմեմ տարրերը սիրոյս կրակին

Որ հոն բոլոր իղձերս ալ բորբոքին:

Ինչպէ՞ս ըսեմ թէ չաստուած մ՛ես դուն կամ անկէ

Աւելի վեր,

Հոգի մը վառ կրակէ,

Անձնուէր…

Ինչպէ՞ս սակայն ինչպէ՞ս սիրեմ քեզ, անոյշ սիրական

Որ սա խենդ սերս ըլլայ յաւէտ տեւական՞»։

 

Համաձայնեք՝ ոչ բոլոր ֆեմինիստներն են սիրում կամ կարողանում գրել սիրո մասին։ Սակայն Հայկանուշ Մառքը կին էր, որն իսկապես սիրում էր անմնացորդ․ մարդկանց, հայրենիքը, իր պայքարը և, իհարկե, իր կյանքի ընկերոջը՝ Վահան Թոշիկյանին, թեև երբեք չհիշատակվեց իր ազգանունով։ Պոլսահայ գրող, մանկավարժ և խմբագիր Հայկանուշ Մառք Թոփուզյանն իր կեղծանունը նախընտրեց վերցնել հոր՝ Մարգարի անունից։ Մառքը, սակայն, իր հուշերում ամենահաճախը հիշում է մորը՝ Եփրաքսիին, որին  համարում էր իր ներսում ֆեմինիզմի ազատականության լույսերը վառած առաջին անձը։ Չէ՞ որ հենց նրանն էր ջանքն ու ցանկությունը, որ դուստրը սովորի Եսայան վարժարանում։ Այս վարժարանի կողքով անցնելիս, նրա շենքի զուսպ և վայելուչ ճարտարապետությունը վայելելիս, չեմ կարողացել չմտածել՝ 1885-ին ծնված Հայկանուշ Մառքի ճակատագիրը կարող էր իրականում ոչնչով չտարբերվել պոլսահայ հազարավոր կանանց՝ երեկ և այսօր շալակած (կամ շալակից գցած) ճակատագրից․ ուսում տեղի հայկական վարժարաններից մեկում, այնուհետև՝ աշխատանք այդ նույն վարժարանների պատերից ներս, ամուսնություն, գեղեցիկ լուսանկարներ՝ գեղեցիկ հագուստներով, զրույցներ պիստակով նրբահամ փախլավայի և սև սուրճի շուրջ։ Մառքը, սակայն, ընտրել էր․․․ Այս ամբողջը․․․ Այո և ոչ թե բացառել մեկը մյուսով։

Հետաքրքրական է, որ ուսում ստանալուց հետո ուսուցչությամբ և հայ որբերի խնամքով զբաղված Հայկանուշ Մառքը, ընդամենը մի քանի տարի անց՝ 1909-ին իր իսկ ուսուցիչներից Սիպիլի՝ Զաբել Ասատուրի կողմից հրավիրվում է «Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան»-ը գործակցելու, վերջինիս իսկ խոսքով՝ որպես «տարր մը, որուն այդքան պէտք ունինք»։ Միությունն, ի դեպ, ի թիվս այլ ազգանվեր և կանանց իրավունքներին վերաբերող գործունեության, ակտիվորեն պայքարում էր Պոլսում և գավառներում օրիորդաց դպրոցների բացման համար: Ըստ տարբեր աղբյուրների՝ նրանց ջանքերով դրանց թիվը հաջողվել է ավելացնել  30-32-ով։ Անշուշտ, այդ ընթացքում Մառքը հասցրեց ամուսնանալ խմբագրապետ Թոփուզյանի հետ, նրա հետ  մեկնել Իզմիր և թղթակցել խմբագրապետ ամուսնու հիմնած թերթերին, սակայն միշտ գտնելով կամ ստեղծելով բոլոր այդ նախագծերում «կանանց բաժինը»։ Նրանք, ինչպես շատերը, Պոլիս են վերադառնում միայն Երիտթուրքերի հաղթանակից հետո։

Մառքի՝ իրենից հետո  թողած բոլոր գրություններում երևացող այն նուրբ գիծը, որը գալիս է մտածել տալու և ասելու՝ ֆեմինիզմը դա տղամարդկայնանալը չէ բնավ, «մառքյան» այդ նրբանկատ և համարձակ առաջնորդությունն ակնհայտ է և իրապես ակնածանքի արժանի։

«Ծաղիկ»․ այսպես կոչվեց նրանց ստեղծած համատեղ այն շաբաթագիրը, որտեղ Մառքը, արդեն իսկ ֆրանսիական ֆեմինիստական շարժմամբ տարված, փորձում էր հիմնել մի բան, որը կստեղծվեր ու կսպառվեր միմիայն կանանց ձեռքով։ Ճիշտ է, կին գրողներն այդ տարիներին, մեղմ ասած, այդքան էլ շատ չէին, և Մառքը երբեմն ստիպված է լինում տեղ տալ նաև կանանց ծածկանունով գրող տղամարդկանց․․․

Սակայն կյանքը բաժանվեց «մինչև» և «հետո»-ի։ 1919-ից՝ ցեղասպանությունից հետո բեկորները հավաքել փորձող համայնքի հետ ու հենց նրա մեջ ծնվեց «Հայ կին» ամսագիրը`  իր ընթացքն առանց լուրջ ընդհատումների շարունակելով ընդհուպ մինչև 1934 թվական։

 

 

Կարող է իրապես զարմանալի թվալ, բայց ցեղասպանությունից հետո Պոլսում, ուր հայկական եկեղեցիները, դպրոցներն ու հիվանդանոցները լի էին որբերով, հիվանդներով, միայնակ մնացած կանանցով և ծերերով, հայկական ֆեմինիզմը ոչ թե մեռնում, այլ  «ծաղկում» և նույնիսկ նոր թափ է առնում, թեև թվում էր, թե դա վերջին բանն էր, որ կարող էր հետաքրքրել կիսասոված, մազապուրծ, հայրենազրկված ու ունեզրկված տասնյակ հազարավոր մարդկանց։ Մինչդեռ հատկապես լավ կրթություն և համայնքային ակտիվություն ունեցած պոլսահայ կանանց՝ հենց այդ շրջանում նման տրամադրությունների  ավելի վառ տարածումը բոլորովին պատահական չէր։ Սա ընկալելու համար պետք է նախ հասկանալ մեկ բան․ ցեղասպանությունից հետոն բնավ «անհույս» ժամանակներ չեն։ Ընդհակառակը՝ ցեղասպանությունից «հետոն» հույս էր կայսրությունը տապալած հասարակության ներսում, որ ամենամեծ ցավերը գուցե մնացին անցյալում։ Չմոռանանք՝ սուլթանը տապալված է, Պոլսում բրիտանական զորքն էր, հայերը դեռ Սևրի երազանքներով էին ապրում, ամեն ինչ խոստանում էր նախկին կայսրության հպատակներին ավելի մարդավայել և ի վերջո՝ ազատ կյանք։ Հույսը մարում է մի քանի տարի անց միայն, երբ պաշտոնապես հաղթանակում է քեմալական շարժումը և հռչակվում է Թուրքիայի հանրապետությունը։ Բայց «Հայ կին»-ը, արի ու տես, չի նահանջում։

Այլ բաներ էլ կան, որ պետք է հիշենք ու չմոռանանք, եթե պիտի փորձենք հասկանալ Օսմանյան կայսրությունում «ծագած» հայկական ֆեմինիզմն ու ցեղասպանությունը, որը կանանցից ու նրանց իրավունքներից առանձին քննարկելու միամտություն հուսանք չեք ունենա։ Այո՝ կինը, ցեղը և այդ ցեղի սպանությունը կամ վերածնունդն անքակտելի են․ ահա թե ինչու այս երկու հարցերն իրարից զատ քննել պարզապես հնարավոր չէ։ Եվ գուցե հենց այդ պատճառով  է, որ Դեր Զորի ճանապարհներին առևանգված, բռնությամբ կրոնափոխված, ցեղասպանների համար զավակներ ծնած, այդ զավակներին հարկադրված լքած կամ կրկնակի փախուստի ժամանակ իրենց հետ վերցնել հաջողած, բայց իրենց իսկ ազգակիցների կողմից դատապարտված ու մեկուսացված կանայք չէին կարող չստիպել Պոլսում նրանց  խնամքով զբաղվող այլ հայ կանանց չմտածել կնոջ՝ հայրիշխանական հասարակության մեջ տատանվող նավակի պես ունեցած ինքնության մասին։

1934-ին, երբ Թուրքիայի կառավարությունը որոշեց դադարեցնել այն հրատարակությունների կյանքը, որոնք «Փրկության պատերազմի», ասել է թե՝ քեմալական ազգայնական շարժման ընթացքում «օտար ուժերին» աջակցություն պարունակող հրապարակումներ են ունեցել, փակվեց նաև «Հայ Կինը»։ Սա Հայկանուշ Մառքի կյանքի այն ճամփաբաժանն էր, որը նա երբեք չհաղթահարեց։ Այդ տրավմայի ծանրությունը, հին օրերի հանդեպ անսահման կարոտը, երբևէ իր զավակն այդպես էլ չմեծացրած Հայկանուշ Մառքի՝ «Հայ կնոջ» հանդեպ տածած մայրական քնքշանքն այնքան հստակ արտացոլված է 20 և ավելի տարիներ անց Արա Գյուլերի հեղինակած այն պատմական լուսանկարում, որը Վարպետն արել էր Թոշիկյանների տանը՝ Մառքի ամուսնու մահից հետո։ Իսկապես էպիկ այդ կադրում Հայկանուշ Մառքը կանգնած է ոչ թե իր՝ մի քանի օր առաջ մահացած, պատվելի պոլսահայ մտավորական և խմբագիր Վահան Թոշիկյանից մնացած որևէ իրի կողքին, ոչ թե տան որևէ գեղեցիկ անկյունում, ուր կարելի էր հնարավորինս հարմար ու երևելի կերպով ոտքը ոտքին գցել ու Հայկանուշ Մառքին վայել լուսանկար ստանալ, այլ կանգնել է պատի մոտ, ուր փոքրիկ, համեստ, սև ցուցանակը կախված է միակ մեխից և որին  գրված է «Հայ կին», և Մառքը՝ հանդեսներից մեկը ձեռքին։

 

 

Պոլսի՝ մինչև օրս հայաշատ թաղամասերից Շիշլիի գերեզմանատանն է հանգչում հայկական ֆեմինիզմի ամենատոկուն անուններից մեկը՝ Հայկանուշ Մառքը, որն իր գերեզմանաքարի դիմային հատվածում հավերժորեն կրում է «Հայ Կին» անունը նույնպես, մի բան, որի հետ նախընտրեց մնալ ու հանգչել պոլսահայ խմբագրուհին հավերժ։ 

 «Մեր յետեւում թողնում ենք մի արահետ, որը թէեւ տօնական կամ փայլուն ոչինչ ունի, բայց արահետ է, որին առանց ամաչելու ենք նայում, գիւղի մի նեղ արահետ, որով անցել ենք՝ կատարելով մեր պարտականութիւնները իբրեւ կին, իբրեւ ամուսին եւ իբրեւ մայր: Հիմա նոր ուղի պիտի հարթենք, այն պիտի քաղաքի լուրջ ճանապարհ լինի, աւելի լայն, աւելի ուղիղ, աւելի ձիգ դէպի նպատակը: Այդ ճամբի վրայ պիտի կրենք մեր պատասխանատուութիւնը, պիտի ստեղծենք մեր իրաւունքները, պիտի դարբնենք մեր գործը` ամէնեւին չհեռացնելով մեզ մեր կանացի բնազդներից, մեր տնից: Այն պիտի տանի մեզ մի բարձունք, ուր մղում են մեզ մեր սեռի, մեր ազգի, մեր հայրենիքի վերածննդի ջղապի իղձերը»։

 

Ասաց և գնաց․․․

Հայ կինը․․․

 

 

Սոֆյա Հակոբյան

Դիտումներ: 202

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։